Вход
Համարների պահոց

"Հայը Հայի Մասին" - Արմեն ԱՂԱՅԱՆ

14.03.2010 Արմեն Աղայան
Статья опубликована в номере №5 (26).
Կա ՞ արդյոք ուրիշ մի ժողովուրդ, որն այսքանզբաղվի ինքն իր մասին խորհելով, ինչպես որ հայն է սիրում դա անել։

Իհարկե, բոլոր ազգություններն էլ միմյանցից տարբերվում են պատմությամբ և սովորություններով, գեներով և մշակույթով, մտածելակերպով և կենսակերպով։ Համեմատության մեջ դա նկատում են թե իրենք, թե օտարները։ Սովորաբար այդ համեմատությունները չեն վերաճում տվյալ ժողովրդի ընդհանրական գնահատականների։ Լինում են բարոյական կամ անբարո, խելոք կամ հիմար, աշխատասեր կամ ծույլ մարդիկ, բայց ոչ ժողովուրդներ։ Օտարները հայերի մասին դատում են` նկատելով մեր հին մշակույթը, դժվարին պատմությունը, դրանով պայմանավորված ներկա մտածողության և ապրելակերպի դրական կամբացասական կողմերը։

Ուրիշ է սակայն, երբ հայն է խոսում Հայի մասին։ Խորենացուց սկսած մինչ մեր օրերը մեծ մտավորականները և պարապ մարդիկ ընդհանրական, որպես կանոն ծայրահեղական, երբեմն գոռոզամիտ, բայց ավելի հաճախ ինքնախարազանող գնահատականներ են հասցեագրում մի ամբողջ ժողովրդին, որին պատկանում են։ Ինքնաճանաչման կամ այլ ժողովուրդների հետ համեմատվելու փորձեր չեն սրանք, այլ մշտական ինքնաանդրադարձման, գնահատականներից կախված` հպարտության կամ ամոթի դրսևորումներ։

«Արարիչն Արարածին արարել է Արարատում». ասում է հայը և իրեն աստվածորդի է պատկերացնում, երկրային դրախտի ժառանգորդ և պահապան, ժողովուրդների նախահայր և ավագ եղբայր։ Սակայն մեր օրերում չտեսնելով մի բան, որը կհաստատեր իր գերակա ծագումն ու դիրքը, դեռ ավելին` առօրյա կյանքում ականատեսն ու մասնակիցը լինելով շատ հոռի երևույթների` նա հայտնվում է մյուս ծայրահեղության մեջ. ինքն իրեն հայտարարում է աշխարհի ամենաանբարո, ամենաանհաշտ, ամենանյութապաշտ ազգը և դրանով բացատրում իր ցածր վիճակը։

Արդյոք՞ միայն հայ «ուսուցիչներն էին ինքնահավան», միայն հայ «կրոնավորներն էին կեղծավոր, իշխանները` ապստամբ, իսկ դատավորները` տմարդի»։ Իհարկե ոչ։ Այդ դեպքում ինչու՞ է Պատմահայրն այդպես որակում իր ազգին և ողբում։ Իրականում սա մեղքերի մի յուրօրինակ խոստովանություն է։ Խորենացին կարծես գիտակցում է կամ հավատում, որ «հյուսիսայինների մեջ վեհագույն» իր ազգն օժտված է ինչ-որ առաքելությամբ, և նրան ցավ է պատճառում, որ իր ժամանակակիցները չեն համապատասխանում այդ առաքելությանը կամ շեղվել են նրանից։

Մեր օրերում հայկական ճարտարապետական հուշարձանների հայտնի ուսումնասիրող Սամվել Կարապետյանը մի առիթով հավաքեց և հանրությանը ներկայացրեց տարբեր պատմիչների կայություններ, որոնք իրավամբ խայտառակում են Ազգս Հայոց։ Եվ եթե ներկաները ծանոթ չլինեին ազգային մշակույթի հայտնի նվիրյալին և նրա գործունեությանը, ապա կարող էին մտածել, որ նա ատում է հայությանը։ Իրականում հայտնի տավորականն իր պրպտումների ընթացքում բախվել էր անբացատրելի և անլուծելի թվացող մի հակասության` մի կողմից` հզոր ազգային մշակույթ, մյուս կողմից` անցյալում և ներկայու այդ մշակույթը չկրող, դրան անարժան մի ժողովուրդ։

Սեփական ժողովրդին դաժանորեն քննադատում են ոչ միայն մտավորականները։ Արհեստավորներն ու առևտրականները, պատգամավորներն ու հեռուստաաստղերը, թոշակառուներն ու ուսանողները տարբեր առիթներով իրենց թույլ են տալիս պիտակավորել սեփական ժողովրդին։ Եվ դա անում են երրորդ դեմքով, կարծես իրենց մասին չեն խոսում, չեն ասում`«ես եմ խաբեբան ու կաշառակերը»։ Եվ ճիշտ են անում, որովհետև այդ պահին նրանք իսկապես ուրիշ են։ Կարծես ուզում են ասել, թե անձամբ իրենք հասարակ մահկանացուներ են և կարող են մեղավոր լինել, բայց հայությունն այդ իրավունքը չունի։ Քննադատելիս մարդիկ իրենց դուրս են դնում ազգային հանրույթից, որի մի բջիջն են, ու փորձում են կողմնակի հայացքով գնահատել այդ հանրույթը։ Ինքնաանդրադարձման հազվագյուտ որակ, որ, հավանաբար, ոչ բոլոր ազգերն ունեն։ Մյուս կողմից` համազգային ինքնաքննադատության ընթացքում երբեք չի ասվում, թե ֆրասիացին, արաբը կամ չինացին պակաս խաբեբաներ են։ Դա քննադատողներին չի էլ հետաքրքրում։ Հայն է, որ չպետք է խաբեբա լինի, բայց է, ու դա առնվազն դատապարտելի է, իսկ մտավորականի համար` նաև ողբալի։ Փաստորեն` յուրաքանչյուր հայի մարմնի մեջ նստած է երկու հայ. մի կողմից` հավաքական Հայն է` ազգայնորեն ինքնագիտակից և ժամանակի մեջ հավերժական, մեծատառով Հայը, մյուս կողմից` իր առաքելությունը մոռացած, շահի և հաճույքի ետևից ընկած, անհաշտ և անմիաբան, առօրյայով ապրող անհատների կամ փոքրատառով հայերի բազմությունը։ Ժամանակի մեծ մասը վատնելով իբրև շարքային հայ` նա հանկարծ արթնանում է, դուրս է գալիս իր մաշկից, հիշում է, թե ինչ պիտի լիներ, և տեսնում, թե ինչ է իրականում, ու սկսում է ինքն իրեն դատափետել։ Ազգի մասին մեր պատկերացումների և նրա կոնկրետ ներկայացուցիչների` ժողովրդի միջև առկա անհամապատասխանությունն է այն աղբյուրը, որից բխում է սեփական ազգը քննադատելու հայերիս սովորությունը։

Այս գրվածքի համար առիթ հանդիսացավ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» հոդվածի ընթերցումը։ Հեղինակը փորձում է ճանաչել հայի ինքնությունն ու ամենուր երկվություն է տեսնում։ Չի հասկանում, թե որ՞ ն է իրական հայը, նա,՞ որ «արարածներից ամենագծուծը և անասուններից ամենաանկուշտն» է, թե ՞ նրա մյուս կեսը, ով իրեն պարտավորված է զգում «ողջ կարողությունը հասարակությանը կտակել»։ Նման դիպուկ հարցադրումներով Դեմիրճյանն առանձնանում է հայության մասին դատողություններ անողների ավանդական շարքից և սովորական հայի մեջ նկատում է նաև որակներ, որ հատուկ են մեծատառով Հային։ Հայը «տանել չի կարողանում ծէս, ձև, աստիճան, քաղաքավարութիւն», «առհասարակ ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամութիւնը վանում է»։ Հայն «իր հացի և իր գործի տէրն է ուզում լինել և ոչ թէ նրա ծառան»։ Եթե ուրիշները սիրում են կյանքը, հայը սիրում է «կեանքից աւելի թանկ բանը - Ազատութիւնը»։ Նա նաև «անկարգ է և անիշխանական», մի գուցե այն պատճառով, որ մարդկանց ստեղծած անկատար օրենքների փոխարեն գերադասում է աստվածային օրենքները, բացարձակ արդարությունն ու ճշմարտությունը։ «Ուր յեղափոխութիւն՝ այնտեղ հայութիւն», կարծես դա է իր առաքելությունը։ «Մի ձեռքը ճանկռոտելով հիմնում է իր պետութիւնը, միւս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու», որովհետև հայի ուզածն իր գլխին իր ազատությունը սահմանափակող իշխանություն ունենալը չէ, այլ անկախությունը, նա ինքնավարություն է ուզում, այլ ոչ թե օտարի լուծը հայրենակցի լուծով փոխարինել։

Իհարկե, Դեմիրճյանի նկատածը միայն մի փոքր մասն է հայի ինքնության, այն էլ` շատ ենթակայական մեկնաբանությամբ։ Ամբողջությամբ այդ ինքնությունը բացահայտելը դժվար է, գուցե անհնար։ Դրա փորձերը հայ հետազոտողներին պարբերաբար գցում են ազգային գոռոզամտության ծուղակը կամ էլ ընդհակառակը` մեծ տառապանք են պատճառում։ Այնուամենայնիվ, փորձերը շարունակվում են։

Եթե հայը կամենար արդար լինել ինքն իր նկատմամբ և իրեն գնահատեր այլ ժողովուրդների հետ համեմատության մեջ, ապա թերևս կնկատեր, որ մյուսներն իրենից ոչնչով լավը չեն։ Եվ իսկապես, միթ՞ ե հայերն ամերիկացիներից, պարսիկներից կամ գերմանացիներից ավելի շահամոլ են և նյութապաշտ։ Իհարկե ոչ։ Սակայն եթե Ամերիկայում հարստությունն առաքինություն է համարվում, ապա Հայաստանում հարուստ լինելն ամոթ է, մեղք և հանցանք։ Եթե Ֆրանսիայում և Ռուսաստանում հեղափոխական անցյալը և դրանց անբաժան մասը կազմող քաղաքացիական բախումները պարծանքի առիթ են, ապա Հայաստանում բազմակուսակցությունն անգամ ընկալվում է որպես ագզային պառակտման դրսևորում։ Այլ կերպ ասած, մենք ուրիշներից վատը չենք, իս առանձին դեպքերում ակնհայտ առավելություններ ունենք։ Իսկ առավելություններից ամենամեծն այն է, որ մենք յուրօրինակ կերպով գիտակցում ենք և խոստովանում մեր մեղքերը