Вход
Թեմայի վերնագիր
  • "ԻՐԱՊԱՇՏՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ" - Հ. Արզումանյան, Կ. Աղեկյան

    Հայկական «իրապաշտության» սկզբնապատճառն ընկած է ժամանակի խորքերում: Երբեմնի ամբողջական Հայոց աշխարհում նախ առաջացել են ճեղքեր, ապա նաև՝ այն մասնատած պատռվածքներ: Հետագա բոլոր խնդիրները, երկպառակությունները, դժբախտությունները և կործանարար աղետները եղել են այն առաջին և գլխավոր աղետի արձագանքն ու պատճենը, որի մասին ժողովրդի պատմական հիշողության մեջ և առավել ևս գրավոր աղբյուրներում գրեթե հետք չի պահպանվել: Այժմ, մեր թվարկության 21-րդ դարում կամ Հայկի Բելի դեմ հաղթանակի օրվանից սկիզբն առնող Հայոց բուն տոմարի 4500 թվականին, որևէ գիտության մասնավոր եղանակներով այլևս անհնար է հասկանալ, երբ և ինչպիսի պարագաներում տեղի է ունեցել հիշյալ աղետը: Վերաիմաստավորելով և միաձուլելով Հայոց գիտության, արվեստի ու դիցաբանության տվյալները, և համեմատելով ստացված արդյունքները այլ հին ժողովուրդների և քաղաքակրթությունների մասին առկա համանման ուսումնասիրությունների հետ՝ փոքր ինչ հնարավոր է դառնում բարձրացնել խորհրդակիր գաղտնիքի քողը Հայոց աշխարհի մեզ համար թերևս ամենախորհրդավոր և գաղտնաշատ իրադարձության վրայից: