Вход
Կողմնակի սկզբնաղբյուրներ

"Հիմնական խնդիրը միանշանակ գիտության թերֆինանսավորումն է" - Աննա ՇԱՀԻՆՅԱՆ

21.03.2013
Աննա Շահինյանը ֆիզիկայի ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի 2011 թվականի դափնեկիր է։ Սիրում է նաև հոգեբանություն, փիլիսոփայություն, նկարել, լողալ և շատ այլ բաներ։ Շատ է սիրում ճանապարհորդել. «Սիրում եմ ամեն ինչ, ինչ նոր է»

- Աննա, ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ։

-Ուղղակի հետաքրքիր է, գրավիչ՝ իմանալ մի բան, որ դեռ ոչ ոք չգիտի, ուսումնասիրել բնությունը, հասկանալ։ Ֆիզիկան գիտություն է բնության մասին։ Դա շատ-շատ հետաքրքիր է։ Դա իմն է, հոգեհարազատ է։ Չեմ կարող բացատրել... Բայց, ցավոք, օրվա մեջ գիտությամբ զբաղվում եմ միայն 4 ժամ, աշխատանքիս հետ չեմ կարող ավելին տրամադրել, աշխատում եմ որպես ծրագրավորող Ինսթիգեյթ ՓԲԸ-ում։

- Գիտական աշխարհում Ձեզ ինչպե՞ս եք զգում. իգական սեռի ներկայացուցիչ լինելու հանգամանքը չի՞ խանգարում։

-Շատ նորմալ։ Իհարկե, լինում են մարդիկ, և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, ում համար «կին ֆիզիկոս» բառակապակցությունը նոնսենս է։ Բայց հիմնականում դա չի խանգարում։

Աննան ասպիրանտ է Երևանի պետական համալսարանում: Տեսաբան է, զբաղվում է քվանտային օպտիկայով, քվանտային ինֆորմատիկայով: Աշխատանքները ներկայացվել են մի շարք միջազգային գիտաժողովներում, տպագրվել հեղինակավոր ամսագրերում։ «Հիմնականում 3 հոգով ենք աշխատում, իմ ներդրումը հոդվածներում մոտ 40 տոկոս է»,-ասում է նա:

Վերջին շրջանում երիտասարդ գիտնականների համար իրականացվող տարբեր խրախուսական մրցանակաբաշխություններին վերաբերում է լավ. «Խրախուսում եմ»:
Համարում է, որ պետք է զուգահեռ անցկացնել մրցույթներ տարբեր չափանշներով, քանի որ, օրինակ, և՛ միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակն է կարևոր, և՛ հղումների թիվը, դրանք խոսում են խմբի, հեղինակի տարբեր ցուցանիշների մասին։ Գիտության կազմակերպման տեսակետից կարևոր է համարում հետթեկնածուական կարգավիճակի համակարգի ներդրումը։ Ընդ որում, գիտական խմբերին պետք է հատկացնել բավարար ֆինանսներ, որպեսզի կարողանան հրավիրել նաև երիտասարդ մասնագետներ արտերկրից, և ոչ միայն ազգությամբ հայ մասնագետներ, այլ՝ ցանկացած մասնագետ, ով ունի կոնկրետ տվյալ գիտական խնդրի լուծման համար լավագույն անհրաժեշտ որակավորում. «Ժամանակն է, պետք է արագորեն մշակել ու ներդնել համակարգը»։

Խոսեցինք կնճռոտ հարցերից։ Գիտության ոլորտի զարգացման հնարավոր խոչընդոտներից կոռուպցիայի մասին հարցիս ի պատասխան՝ ձեռքը թափ տվեց։ Այնպիսի թերֆինանսավորման դեպքում, ինչպիսին մեզ մոտ է, ասաց. «Այդ մասին խոսելը զավեշտալի է»:

Ո՞րն է հիմնական խնդիրը։

-Միանշանակ, գիտության թերֆիանանսավորումը։

- Որո՞նք են պատճառները։

-Արժեհամակարգի խեղումը, որ տեղի ունեցավ անկախացումից հետո, մտավորականության պասիվացումը և հասարակության ապակողմնորոշումը արդյունաբերության, տնտեսության հարցերում: Կարծում եմ՝ դա միտումնավոր էր արվում: Այս 20 տարիների ընթացքում հասարակությունը պահվել է վախի և անելանելիության մթնոլորտում, ինչը նպաստել է գիտություն անկարևորմանը: Չի մշակվել տնտեսության զարգացման իրական ծրագիր։ Եթե գիտելիքահեն ծրագիր իրագործվեր, գիտությունը չէր արհամարհվի: Չկա տնտեսություն՝ չկա գիտություն, չկան պահանջներ, կա տգետ հասարակություն և թույլ պետություն: Քանի որ չկա տնտեսություն, ապա գիտությունը որպես շռայլություն է ընկալվում: Եթե չկա տնտեսություն, կրթությունը ևս անհրաժեշտ չէ՝ կիրառություն չկա: Երիտասարդ սերունդը չունի տեսլական սովորելու համար, մոտիվացիա չկա: Ամենամեծ խորքային խնդիրը արդյունաբերության, տնտեսության բացակայությունն է: Չի մշակվում երկարատև տնտեսության և արժեքների ծրագիր:

Երիտասարդ գիտնականները չունեն ֆիանանսավորում և չունեն իրականացման դաշտ։

-Մոտակա 5 տարիների ընթացքում ես ինձ չեմ պատկերացնում Հայաստանում։ Պետք է ապահովել նորմալ ֆինանսներ գիտական գործունեությամբ զբաղվելու համար, ապահովել տնտեսության և գիտության ինտեգրումը ու ստեղծել աշխատատեղեր։ Պետք է աջակցել, որ ՀՀ գիտնականները ներգրավվեն միջազգային ծրագրերում, պետք է ստեղծել գիտնականների շահերն իրոք պաշտպանող միություն: Շատ քայլեր են պետք։ Բայց հիմնականը, այսպես թե այնպես, հանգում է պետական ուշադրության ու արժևորման անհրաժեշտությանը։ Իսկ դա պետք է առաջին հերթին արտահայտվի գիտության ֆինանսավորման կտրուկ աճի ձևով։

Բայց չէ՞ որ գիտությունը հայտարարված է գերակա ոլորտ։

-Ո՛չ, դրանք միայն խոսքեր են, գործ չկա: Պետք է պայքարել։ Այո համաձայն եմ։ Խրախուսում եմ և մասնակցում: Գիտնականը մարդ է, քաղաքացի, ով պիտի՛ պաշտպանի իր շահերն ու իրավունքները: Գիտնականը մտավորական է, ով պարտավոր է պայքարել իր պետականության համար, դրանում առկա մթնոլորտի և արժեհամակարգի համար: Պետք է պայքարել։

Մանե Հակոբյան